Հայկական պետականության նախարարական շրջանը

Վարդանանց պատերազմը 450-451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն է, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ։ Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր։

Վարդանաց ապստամբության շնորհիվ Հայաստանը կարողացավ պահպանել քրիստոնեությունը, որը հասցրել էր արմատավորվել հայերի մեջ` դառնալով հայկական ազգային ինքնության հիմնական բաղադրիչներից մեկը։ Կրոնափոխության միջոցով պարսիկները փորձում էին պարսկացնել հայերին, որը սակայն խափանեց Վարդանանց ապստամբությունը։ Ապստամբության շնորհիվ թեթևացավ նաև հարկահանությունը։

Վարդանանց պատերազմից երկու տասնյակ տարի անց տեղի է ունենում Վահանանց ապստամբությունը, որը Պարսկաստանի ծրագրերից վերջնականապես ջնջում է հայերի կրոնափոխության ծրագիրը։

Վահանանց պատերազմը  481-484 թվականներին տեղի ունեցած ապստամբություն է, որը ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ։ Ապստամբությանը մասնակցել են հայկական, վրացական և աղվանական ուժեր։ Հայաստանում հայրենասիրական ուժերը միավորվել էին Վահան Մամիկոնյանի շուրջ, որը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի որդին էր։

Ապստամբության հետևանքով պարսիկները պաշտոնապես հրաժարվեցին հայերին բռնի կրոնափոխելու իրենց նպատակից։ Հայ իշխանները ստացան իրենց տոհմերի նահապետությունը, և վերականգնվեց նախարարական հին կարգը։

Վահանանց ապստամբությունը կարևոր դեր խաղաց հայերի ներքին ինքնավարություն հաստատման և պահպանման գործում։

Պայքարի արդյունքները.

Ավարայրի բոցը դեռ չէր մարել: Հայոց աշխարհի մեծ նախարարների տոհմերից շատերն ամրացել էին Միջնաշխարհի, Տմորիքի, Արցախի, Ուտիքի ամրոցներում: Նոր ուժերով համալրված պարսից զորքերը զանազան ուղղություններով դարձյալ հարձակումներ էին գործում: Պարսից արքան, իր անհաջողությունների գլխավոր մեղավորը համարելով Վասակ Սյունուն, նրան կանչում է
Տիզբոն: Հովսեփ կաթողիկոսը, Ղևոնդ երեցը և բազմաթիվ այլ հոգևորականներ ու հայ նախարարներ գերվեցին:
Միաժամանակ Հազկերտը հարկադրված էր երկրից հանել պարսից զորքը: Նկատի ունենալով, որ հայ նախարարներից շատերը շարունակում էին անառիկ պահել ամրոցները, պարսից արքունիքը հրահանգում է զգուշությամբ վերաբերվել բանտարկված հոգևորականներին և աշխարհը «սիրով նվաճել»: Հայաստանում մնացած հոգևորականներին թույլատրվում է վերադառնալ իրենց ծառայությանը, շինականներին՝ տեր կանգնել իրենց ունեցվածքին և անցնել խաղաղ աշխատանքի: Բռնությամբ զրադաշտություն ընդունածներին իրավունք է տրվում վերստին վերադառնալու քրիստոնեությանը: 454 թ. հեռավոր աքսորում նահատակվում են Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսը, Ղևոնդ երեցը և մյուսները: Մարզպան Վասակը դատապարտվում է մահվան: Երկար տառապանքներից հետո պարսից գերությունից ողջ մնացած նախարարները 464 թ. Պերոզի գահակալության (459 484 թթ.) ժամանակ, վերադառնում են հայրենիք: Հայոց աշխարհի կաթողիկոսական աթոռին է բարձրանում Գյուտ
կաթողիկոսը: Սուրբ Վարդանանց նահատակության գնով հայոց երկիրը պահպանում է իր ներքին ինքնուրույնությունը, իսկ ժողովուրդը՝ քրիստոնեական հավատքը:

https://syuzimartirosyan.wordpress.com/2021/04/14/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6/

Оставьте комментарий